11.11.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  2025 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում կազմակերպվել է սեմինար-քննարկում, որը նվիրված էր ՀՀ Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։ Միջոցառմանը մասնակցել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի քրեական մասնագիտացման դատավորների օգնականները։ Քննարկումը անցկացրել են ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Ժենյա Ստեփանյանը, ինչպես նաև նույն ծառայության գլխավոր մասնագետներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տաթևիկ Սուջյանն ու Վարազդատ Սուքիասյանը։ Նրանք ներկայացրել են քրեական իրավունքի և քրեական դատավարության արդի որոշ հիմնախնդիրների առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի ձևավորած վերջին նախադեպային դիրքորոշումները, ինչպես նաև անդրադարձել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացումներին։

  Քննարկման ընթացքում մասնակիցները հանդես են եկել հարցերով ու դիտարկումներով, որոնք դարձել են ակտիվ մասնագիտական քննարկման առիթ։

  ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանը իր ելույթում շեշտել է նմանատիպ սեմինար-քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ ընդգծելով, որ դրանք շարունակական բնույթ են կրելու։ Նրա խոսքով՝ նման հարթակները նպաստում են դատական համակարգում աշխատող մասնագետների միջև փորձի արդյունավետ փոխանակմանը, գործնականում ծագող խնդիրների բացահայտմանն ու քննարկմանը, ինչպես նաև ապահովում են հասանելիությունը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: