1998 թվականի հուլիսի 10-ից նորանկախ Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է սկսել ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ որպես եռաստիճան դատական համակարգի բարձրագույն ատյան։ Այդ ժամանակից ի վեր Վճռաբեկ դատարանը սկսել է իրականացնել դատական ակտերի վերանայման իր հիմնական գործառույթը, որը հետագայում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում առավել հստակեցվել է՝ ընգծելով բարձրագույն դատական ատյանի հատուկ դերը Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման գործում։
2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ, Վճռաբեկ դատարանը շարունակում է հավատարիմ մնալ իր սահմանադրական բացառիկ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ապահովելով օրենքի միատեսակ կիրառություն և ձևավորելով ռոմանոգերմանական իրավական համակարգին պատկանող երկրում նախադեպային իրավունքի կիրառման ուրույն մշակույթ։ Ընդ որում, սկսած 2015 թվականից Վճռաբեկ դատարանն ապահովում է միասնական իրավակիրառ պրակտիկա ոչ միայն օրենքների, այլև ցանկացած տեսակի նորմատիվ իրավական ակտի կիրառման առումով։ Բացի այդ, եռաստիճան դատական համակարգում լինելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանն իր գործունեությամբ կրում է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իրավասությունը։
Վերոնշյալ սահմանադրական գործառույթների իրականացման նպատակով Վճռաբեկ դատարանն իր ամենօրյա գործունեությամբ նպաստում է հայրենական իրավակարգի ամրապնդմանը և իրավունքի գերակայության ապահովմանը Հայաստանի Հանրապետությունում՝ զարգացնելով օրենսդրական կարգավորումները, համապատասխանեցնելով դրանք միջազգային առաջադեմ չափանիշներին։
Բացի վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն ապահովում է նաև ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ներդաշնակեցումը սահմանադրական իրավունքի հարցերով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի մեկնաբանման հարցերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին ու որդեգրած մոտեցումներին։
Համագործակցելով միջազգային փորձագիտական գործընկերների հետ, Վճռաբեկ դատարանի ամենօրյա գործունեության օրակարգը ներառում է իրավական դոկտրինների ու մարդու իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգային լուծումների մշակումը՝ ապահովելու իրավունքի գերակայության կենտրոնացված պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։
Մեր տեսլականը՝ կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ իրավունքահեն միջավայրի կերտումն է
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: