ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/3882/05/22 վարչական գործով Ս. Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկություններին՝ վարչական արդարադատության մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու համատեքստում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, հանգում են հետևյալին.
- օտարերկյա իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ներպետական իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում են օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,
- օտարերկրյա իրավունքի կիրառումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված որոշակի ընդհանուր սկզբունքների վրա,
- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման հնարավորությունը սահմանափակվում է օրենքով սահմանված որոշակի արգելող պայմաններով։
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառումը բացառող հանգամանք է օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետևանքների հակասությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), որպիսի հակասությունը պետք է ունենա ակնհայտ բնույթ։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատության մարմիններում դատավարության մասնակիցների շահերը ներկայացնելու համար օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը վավեր է, եթե.
- չի լրացել տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը, և
- պահպանված են լիազորագրի ձևին կա՛մ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, կա՛մ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջները։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: