30.11.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/0345/05/19 վարչական գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված ստուգման վարույթի նկատմամբ կիրառելի են արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչական վարույթը կասեցնելու իրավադրույթները։

  Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված հարկային ստուգման վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք ՀՀ հարկային օրենսգրքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված են ստուգման վարույթի կասեցման դիսպոզիտիվ դեպքերը։ Այսինքն՝ կանոնակարգված են ստուգման վարույթի, որպես առանձին տեսակի վարչական վարույթի, կասեցման դիսպոզիտիվ առանձնահատուկ դեպքերը։ Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով կանոնակարգված չեն ստուգման վարույթի կասեցման իմպերատիվ դեպքերը, ըստ այդմ՝ վարչական վարույթի պարտադիր կասեցման իրավահարաբերությունները, ենթակա են կարգավորման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավանորմով վարչական վարույթի կասեցման իմպերատիվ հիմքերը ենթակա են կիրառման հարկային ստուգման վարույթի նկատմանբ ևս։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2048

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: