23.06.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հունիսի 20-ի թիվ ԵԴ1/1309/01/24 որոշմամբ, միջազգային-իրավական չափանիշների համադրված վերլուծության արդյունքում, անդրադարձել է «ներգաղթային» կալանքի և ապօրինի մուտքի կանխարգելման միջև սերտ կապի պահանջի պահպանման ստուգմանը։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձի կալանավորումը պետք է լինի անհատականացված, համաչափ և անհրաժեշտ։ Կալանավորումը պետք է ունենա հստակ և օրինական նպատակ, օրինակ՝ ինքնության հաստատում, փախուստի կանխում, ապաստանի դիմումի քննարկում կամ արտաքսման նախապատրաստում և այլն։ Եթե կալանավորման նպատակը դադարում է գոյություն ունենալ, ապա կալանավորումը դառնում է ոչ օրինական։

   Հաշվի առնելով միջազգային իրավական չափանիշները և հիմք ընդունելով «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի մեկնաբանություններն առ այն, որ ապաստան հայցելու իրավունքն իրականացնելիս կեղծ փաստաթղթեր օգտագործելով ապօրինի սահման հատելը գտնվում է Կոնվենցիայի 31-րդ հոդվածի պաշտպանության շրջանակում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձի կալանավորումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով և 469-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համատեքստում, պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ այլ, ավելի մեղմ միջոցներն անարդյունավետ են։

 

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2899

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: