ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԻ, ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱԾԱՆՑՎՈՂ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննարկելով թիվ ԱՎԴ4/0051/01/21 և ՍԴ3/0114/01/22 քրեական վարույթների տարածքային ընդդատության հարցը, արձանագրել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՎԴ4/0051/01/21 քրեական վարույթի տարածքային ընդդատությունը կրկին փոխելու և քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելու մասին որոշումը, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի հետևությունն այն մասին, որ թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական վարույթն ընդդատյա է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, հիմնավոր չեն։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն ընդգծել է, որ վերոնշյալ գործերով առերևույթ առկա է դատական շրջապտույտի, ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող այլ իրավունքների խախտման վտանգ, հաշվի առնելով, որ տվյալ քրեական գործերը՝ համապատասխանաբար 2021 թվականի նոյեմբերից և 2022 թվականի հոկտեմբերից, գտնվում են դատարանների վարույթում, սակայն մինչ օրս վերոնշյալ գործերի քննությունը դեռևս նախնական դատալսումների փուլում է։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: