08.06.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԻԵԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

  2023 թվականի հունիսի 1-2-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունն օնլայն եղանակով մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ «Դատական որոշումների թափանցիկության խթանման և ՄԻԵԿ ազգային կիրարկման բարելավման» (TJENI) ծրագրի կողմից Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կազմակերպված՝ «Նախադեպային իրավունքի և դատական պրակտիկայի նյութերի հրապարակումը և տարածումը․ դատական պրակտիկայի միասնականության ապահովումը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը։ Առաջին օրվա քննարկման 1-ին հատվածում ներկայացվել են զեկուցումներ նախադեպային իրավունքի հրապարկման և տարածման՝ Եվրոպայի խորհրդի գործիքակազմի, տարբեր իրավական համակարգերից իրավական նյութի համակարգման խնդիրների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների շտեմարանին (HUDOC)։ Օրակարգի 2-րդ հատվածում քննարկվել են մասնավոր սուբյեկտների կողմից նախադեպային իրավունքի շտեմարանների հրապարակման խնդիրները։ Կլոր-սեղան քննարկման երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է եղել նախադեպային իրավունքի տարածման և դատական պրակտիկայի միասնականության ապահովման ազգային փորձին։ Քննարկման այս հատվածում հանդես են եղել Ֆրանսիայի, Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։ Հայաստանյան փորձը ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուջյանը՝ հանդես գալով զեկուցմամբ՝ միասնական դատական պրակտիկայի ապահովման գործում ՀՀ Վճռաբեկ դատարանի դերակատարման վերաբերյալ։ Զեկուցման շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը քննարկման մասնակիցներին է ներկայացրել բարձրագույն դատական ատյանի կայքէջը,  լուսաբանել դրանում առկա նախադեպային իրավունքի շտեմարաններն ու դրանցից օգտվելու առանձնահատկությունները։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: