ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԱՅՔԼ Օ՛ՖԼԱՀԵՐԹԻԻՆ
2026 թվականի փետրվարի 4-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիին։
Հանդիպմանը մասնակցել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
Ողջունելով հյուրին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Եվրոպայի խորհրդի կառույցների հետ` կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։
Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ արդյունավետ համագործակցության հարթակ է ձևավորած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կարևորելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի դերը ներպետական իրավունքի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է խոշտանգումների և դրան հավասարեցված արարքների, խտրականության արգելքի, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները։
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին ընդունելության և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցության կարևորությունը։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: