ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՏԻՆԱ ՇՄԻԴՏԻՆ
2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանում ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին, «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ավագ ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հ.Ասատրյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռ.Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Վ․Միքաելյանը և իրավական փորձաքննությունների ծառայության պետ Ա․Ղարսլյանը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է Մարտինա Շմիդտին գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն այդ կարևոր և պատասխանատու աշխատանքում։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է արդարադատության իրականացման գործընթացի կատարելագործման հարցում դատական իշխանության և միջազգային տարբեր կառույցների փոխգործակցության անհրաժեշտությունը՝ կարևորելով Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներգրավվածությունն ու օժանդակությունը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ամփոփել է Եվրոպայի Խորհրդի հետ կայուն համագործակցության արդյունքում նախորդիվ ձեռքբերված արդյունքները՝ հատկապես ընդգծելով Վճռաբեկ դատարանի քրեական գործերով, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով որոշումների ընտրանիների տպագրությունը կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցությունն ու մի շարք արդիական հիմնախնդիրների շուրջ դատական տարբեր ատյանների դատավորների մասնակցությամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինար-քննարկումները։
Կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը վերահաստատել է Վճռաբեկ դատարանի պատրաստակամությունը՝ աջակցելու գրասենյակի կողմից դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսված ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից և կառուցողական քննարկման համար՝ ընդգծելով համագործակցության կարևորությունն ու հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: