11.11.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԸ (ԿԱԼԱՆՔԸ) ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, 2025 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԵԴ/7692/02/22 որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցն ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով։ Մասնավորապես՝

  ա) եթե քրեական գործի վարույթն ավարտված է, որի ուժով սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը, այլևս բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու, որոշումը վերացնելու (վերանայելու) իրավական հնարավորությունը, առնվազն այն պատճառով, որ քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների՝ ներառյալ գործը քննած դատարանների՝ այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորությունները, անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ նման պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) վերացման վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով․

  բ) այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չէ, հետևաբար դեռևս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ և քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն, քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով։

  Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/3032

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: