28.08.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ ԿՐՈՂ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ ԿՐՈՂ ԽՄԲԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, 2026 թվականի օգոստոսի 28-ի որոշման շրջանակներում բացահայտելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիմնական բնութագրիչ հատկանիշները, արձանագրել է, որ օրենսդիրը, որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հոմանիշ, օգտագործում է «գողական աշխարհ» արտահայտությունը, այսինքն՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» և «գողական աշխարհ» հասկացություններն օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։ Ուստի, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տվյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ գողական աշխարհը՝ որպես միասնական համակարգ, իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, և որին բնորոշ է «խնդիրների լուծումը» բռնությամբ, ահաբեկումով ու հարկադրանքով։

  Ընդ որում, գողական աշխարհի գոյությունը, որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։ Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել գողական աշխարհի՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։

  Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով՝ ընդգծելով, որ վերոնշյալ անձինք, ըստ էության, քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը (գողական աշխարհին) չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/4147

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: