ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՇԱՀԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/0012/05/22 վարչական գործով Հ. Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք հայցվորի կողմից հայցադիմումում և/կամ դրան կից՝ շահագրգիռ անձ լինելու փաստի վերաբերյալ հիմնավորումներ և/կամ բավարար ապացույցներ չներկայացնելը կարող է հայցադիմումի ընդունելիության փուլում գնահատվել որպես դատարան դիմելու իրավական շահի բացակայություն։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցադիմումը համարվում է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, եթե հայցադիմումի և/կամ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը հայցադիմումի ընդունելիության փուլում, առանց լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության, թույլ են տալիս դատարանին միանշանակ եզրահանգել, որ կասկածից վեր է ու աներկբա, որ.
- տվյալ ենթադրյալ խախտված իրավունքը չի պատկանում հայցվորին,
- վիճարկվող վարչական ակտի, գործողության կամ անգործության և հայցվորի իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման փաստի միջև առկա չէ պատճառահետևանքային կապ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը ոչ թե այն դեպքում, երբ հայցվորի՝ հայցադիմում ներկայացնելու իրավունքի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ և/կամ ապացույցներ ներկայացված չեն հայցադիմումում և/կամ դրան կից փաստաթղթերում, այլ այն դեպքում, երբ հայցադիմումի բովանդակությունը և/կամ կից ներկայացված ապացույցներն առանց որևէ կասկածի և աներկբայորեն հաստատում են այդ իրավունքի բացակայության փաստը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/1926
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: