ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱԲՈՏԱԺԻ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ավթանդիլ Ավետիսյանի գործով 2023 թվականի մարտի 2-ի թիվ ԵԿԴ/0172/01/16 որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել համակարգչային սաբոտաժի ծանրացնող հանգամանքի՝ ծանր հետևանք առաջացնելու հատկանիշի վերաբերյալ:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստել է, որ քրեական օրենսգրքում ամրագրված՝ «ծանր հետևանքներ» եզրույթն անհրաժեշտ է սահմանազատել «հանցագործությամբ պատճառված վնաս» եզրույթից․ ծանր հետևանքը յուրաքանչյուր դեպքում հանդիսանում է հանցագործությամբ պատճառված վնաս, սակայն հանցագործությամբ պատճառված վնասը միշտ չէ, որ կարող է գնահատվել որպես ծանր հետևանք, ուստի դատական ակտ կայացնելիս, դատարանը, յուրաքանչյուր դեպքում պետք է կատարի գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն՝ ծանր հետևանքի առկայության կամ բացակայության փաստը պատճառաբանված եզրահանգումների տեսքով արձանագրելու համար։ Այլ կերպ, այն սահմանափակված է կոնկրետ իրավիճակով և յուրաքանչյուր դեպքում իրավակիրառ պրակտիկան է կոչված որոշակիացնելու այն չափորոշիչները, որոնց դեպքում հանրորեն վտանգավոր արարքի արդյունքում առաջացած հետևանքները կարող են գնահատվել որպես ծանր կամ ոչ ծանր:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հանցագործության ծանրացնող հանգամանքը՝ ծանր հետևանքը, կարող է կրել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բնույթ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: