30.06.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով իրավական դիրքորոշում է ձևավորել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորմանը հետադարձ ուժ տալու հնարավորության վերաբերյալ։   Մասնավորապես, տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտը դիտարկելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը։

 Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, հետևաբար օրենսդրական նշված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: