08.04.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Վճռաբեկ դատարանը 2024 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին՝ արձանագրել է, որ որպես այդպիսիք, ի թիվս այլնի, նախատեսված է, որ բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի:

 Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով բողոքարկման առարկա են հանդիսանում վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը (մինչդատական ակտերը), այլ ոչ թե բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքը։

 Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասում «բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին» եզրույթը օգտագործելով՝ օրենսդիրը նկատի է ունեցել բողոքարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) վարույթի հանրային մասնակցին, այլ ոչ թե դրա նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող սուբյեկտին։

 Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ հետևությունը հիմնավորվում  է  նաև  ՀՀ  քրեական  դատավարության  օրենսգրքի  301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի համեմատական վերլուծության արդյունքում։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի (բողոքարկվող վարութային ակտը) և 6-րդ կետի (բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքը) բովանդակությունից հստակորեն բխում է, որ օրենսդիրը տարանջատում է բողոքարկվող վարութային ակտը դրա դատախազական բողոքարկման արդյունքից, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը վերաբերում է բողոքարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) վարույթի հանրային մասնակցին, այլ ոչ թե դրա նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող սուբյեկտին։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: