ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԻՆ ԿՐԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, Հարություն Ավետիսյանի վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ ԱՐԴ/0180/01/23 որոշմամբ զարգացնելով Վոլոդյա Սուքիասյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից։ Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար:
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2772
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: