16.05.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/1194/06/21 որոշմամբ համադրված վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 3-րդ կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի իրավակարգավորումները՝ փաստել է, որ մինչդատական վարույթում կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը, գտնելով որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն՝ միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցներից առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին։ Նման դեպքերում դատարանը քննիչի միջնորդությունը բավարարում է մասնակի և կիրառում համապատասխան խափանման միջոցը (օրինակ՝ տնային կալանք) կամ դրանց համակցությունը (օրինակ՝ տնային կալանք և գրավ)։ Իսկ այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: