21.07.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԼԴ2/1953/02/21 քաղաքացիական գործով Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով այն իրավական հարցին, թե ո՞ր դեպքերում է ենթակա վերականգնման բաց թողնված դատավարական ժամկետը, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, վերահաստատելով իր կողմից նախկինում թիվ ԼԴ2/1719/02/20 քաղաքացիական գործով 24․02․2022 թվականին կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու կապակցությամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանները բոլոր դեպքերում պետք է պարզեն, հետևյալ հարցերը՝

1) ե՞րբ է կողմերի համար պարտադիր դարձել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը,

2) ե՞րբ է ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը,

3) ե՞րբ է օրինական ուժի մեջ մտել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտը,

4) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն ստացել (երբ է հասանելի դարձել) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը,

5) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել դատարան։

Այսինքն՝ ենթակա է պարզման նաև այն հարցը, թե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժելու մասին դատական ակտն ստանալուց (նրան հասանելի դառնալուց) հետո դիմողի կողմից ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել համապատասխան կատարողական թերթ ստանալու համար, առանց որի դատարանը չի կարող հստակ եզրահանգումներ կատարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: