ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, թիվ ԼԴ/1411/02/21 քաղաքացիական գործով հայցվոր Արթուր Մկրտչյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով այդ գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններին, զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը քննում է ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելիս, պետք է պարզի՝ արդյո՞ք նույնական են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերը։ Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերի նույնական լինելը կարող է հաստատվել բացառապես այն դեպքում, երբ ժամանակային գործոնի առումով տեղի չի ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն, որպիսի գնահատականը կարող է տրվել՝ հիմք ընդունելով երեխայի ներկայիս կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի ներկայիս տարիքը, ծնողների ներկայիս բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի ու երեխայի միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության և զարգացման համար ներկայումս պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային և ընտանեկան դրությունը, և այլն)։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: