08.12.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ), ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ II ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

  2023 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, պալատի դատավորներ՝ Արման Կուրեխյանը, Լիզա Գրիգորյանը, Արտակ Կրկյաշարյանը, ինչպես նաև Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Հարավարևելյան Եվրոպայի II և Հարավային Կովկասի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։

  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ողջունելով պատվիրակության անդամներին,  կարևորել է Հայաստանում արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներին Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Նշել է հիմնադրամի և Վճռաբեկ դատարանի համագործակցության կարևորության մասին և հույս հայտնել, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հետ՝ նպաստելով հակակոռուպցիոն գործերով արդարադատության արդյունավետության բարձրացմանը։

  Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել են այն ուղղությունները, որտեղ օգտակար կլինի Հակակոռուպցիոն պալատի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, միջազգային այդ թվում  գերմանական փորձի ուսումնասիրությունը։

  Կողմերը վերահաստատելով համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու հետագա համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը՝ փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել 2024 թվականի ընթացքում համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: