ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՐԹԵԼՈՒ ՈՐԱԿՅԱԼ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Մելիք Ասրյանի վերաբերյալ գործով 2023 թվականի մարտի 6-ի թիվ ԵԴ/0259/01/18 որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն շորթելու որակյալ հանցակազմի վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ապօրինի վարձատրության պահանջը զուգորդվում է անձի իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով, ներառյալ՝ անձին այնպիսի վիճակի մեջ դնելով, որ վերջինս հարկադրված լինի վարձատրություն տալ` իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու համար, ապա արարքը պետք է որակվի շորթման ծանրացնող հանգամանքով։
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ազատությունից զրկված անձից կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու մասին վկայող փաստերի առկայության դեպքում, ի թիվս գործի այլ փաստական հանգամանքների, պետք է պարտադիր քննարկման առարկա դառնա անազատության մեջ գտնվող անձի վիճակի խոցելիությունը՝ պայմանավորված քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների բնույթով, կախվածության առկայությամբ, առողջական վիճակով և այլ հանգամանքներով, քանի որ վերոգրյալ հանգամանքներն անձի մոտ կարող են անհանգստության, վախի կամ ստորադասության զգացումներ առաջացնել՝ այդ կերպ կոտրելով նրա ֆիզիկական և, հատկապես, հոգեբանական դիմադրությունը, ու վերջինս հարկադրված, այլընտրանք չունենալով, ստիպված լինի կատարելու որոշակի գործողություն կամ դրսևորելու անգործություն՝ իր իրավունքները, ազատությունները և օրինական շահերն անազատության մեջ գտնվելու պայմաններում պաշտպանելու համար։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: