12.06.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ՀԵՏԱՁԳՎԱԾ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ» ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  Արմեն Մանուկյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0510/01/22 գործով 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել «հետաձգված բողոքարկման» չափանիշների, ինչպես նաև դատական վերանայման բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետի վերականգնման հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերը, որոնց անմիջական բողոքարկման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ (չեն հանդիսանում անմիջական բողոքարկման առարկա), «հետաձգված բողոքարկման» կարգով կարող են վիճարկվել, եթե՝

- անմիջական բողոքարկման առարկա չհանդիսացող դատական ակտն առերևույթ առնչվում է շահագրգիռ անձի որևէ սուբյեկտիվ իրավունքին կամ իրավաչափ շահին,

- եզրափակիչ դատական ակտը ենթակա է բողոքարկման ընդհանուր կարգով։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված վարութային ակտերի բողոքարկման ընթացակարգի կամ ժամկետների վերաբերյալ պարզաբանումներ չտրամադրելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ կամ մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելու հետևանքով թույլ տրված խախտումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու վերաբերյալ դիրքորոշումը պայմանավորված է անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ապահովման անհրաժեշտության հետ, ուստի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավատեր չի կարող հանդիսանալ վարույթի հանրային մասնակիցը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: