ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Արամ Սուքիասյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0066/06/23 գործով 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը զարգացնելով Վճռաբեկ դատարանի՝ Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը և դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը և դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը և դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որևէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նաև, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու իրավասություն ունեցող) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: Այսինքն՝ կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նաև անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով նախատեսված հիմքերը և դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պետք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված և այն հաստատող այլ ապացույցներով:
Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պետք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավիճակ, թե ոչ։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացությունը չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պետք է առկա լինի ի սկզբանե:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: