25.06.2025

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ

  Սույն թվականի հունիսի 13-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետների մասնակցությամբ, անցկացրել է քննարկում՝ նվիրված արդարադատության ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն ուղղություններից մեկի՝ արհեստական բանականության գործիքների կիրառման միջազգային փորձին և հեռանկարներին։

  Քննարկման շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետները ներկայացրել են տարբեր իրավական համակարգերում արդարադատության իրականացման գործընթացում արհեստական բանականության գործիքների և նորարարական լուծումների կիրառման առաջադեմ փորձը, հիմնական մարտահրավերներն ու օրենսդրական լուծումները, իրավական, էթիկական և գործնական հիմնահարցերը։

  Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հետևյալ հիմնախնդիրներին․

- արդարադատության արդյունավետության բարձրացման գործում արհեստական բանականության համակարգերի ներուժին,

- հնարավոր ռիսկերին ու սահմանափակումներին,

- արդարադատության թվայնացման և նորարարական մոտեցումների առավելություններին ու թերություններին,

- այս ոլորտում մարդու իրավունքների և տեղեկատվության պաշտպանության հիմնահարցերին։  

  Քննարկման շրջանակներում արձանագրվել է, որ արհեստական բանականության առաջընթացն աշխարհի մի շարք պետությունների իրավական համակարգերում հանգեցրել է բազմաթիվ նորարարական գործիքների և լուծումների ներդրման, այդ թվում՝ արդարադատության իրականացման գործընթացում: Դրանց շարքում առանձնանում են դատական կանխատեսման համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել նախադեպային իրավունքը և կանխատեսել դատական վեճերի լուծման հնարավոր արդյունքները՝ նպաստելով արդարադատության կանխատեսելիության նշաձողի բարձրացմանն ու դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ կենսագործմանը։ Գործնականում լայն կիրառություն են ստացել փաստաթղթային վերլուծության ավտոմատացված լուծումները, որոնք էապես բարձրացնում են դատավարական գործընթացների արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կրճատել աշխատանքի կատարման ժամանակը, խնայել ժամանակային և մարդկային ռեսուրսները՝ միաժամանակ նպաստելով արդարադատության թափանցիկության ու մատչելիության ապահովմանը։  

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: