25.03.2025

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՉՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՌԵԱԼ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ) ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/0488/05/21 վարչական գործով Լիլիթ Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է վարչական մարմնի՝ վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմանը չուղղված գործունեության (ռեալ ակտի ընդունում) առանձնահատկություններին՝ միաժամանակ պատասխանելով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25․10․1980 թվականի կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի՝ անձի դիմումը քննարկելու և այլ պետության իրավասու մարմիններին դիմելու գործունեությունը հանդիսանում է վարչարարության իրականացում, և արդյո՞ք դրա իրավաչափությունը ենթակա է ստուգման վարչադատավարական կարգով։

  ՀՀ Վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը հանդիսանում է նորմատիվ կամ վարչական ակտ ընդունելուն չուղղված վարչարարություն, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները.

  1) ռեալ ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմինների գործունեությունը՝

  - պետք է հիմնված լինի Սահմանադրության և օրենքի (նյութաիրավական ու ընթացակարգային) վրա,

  - պետք է իրականացվի հանրային իրավունքի բնագավառում,

  - պետք է հետապնդի օրենքով սահմանված նպատակներ, որոնց հասնելով վարչարարությունը պետք է եզրափակվի,

  2) ռեալ ակտ կայացնելուն ուղղված վարչական մարմինների գործունեության արդյունքում կատարվող գործողությունը կամ դրսևորվող անգործությունը՝

  -  պետք է ունենա արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ,

  - անձի համար պետք է առաջացնի փաստական հետևանքներ՝ բարելավի կամ վատթարացնի անձի փաստացի դրությունը։

  ՀՀ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի՝ անձի դիմումը քննարկելու և այլ պետության իրավասու մարմիններին դիմելու գործունեությունը հանդիսանում է վարչարարության իրականացում, որը եզրափակվում է ռեալ ակտի ընդունմամբ։

  Միաժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի՝ անձի դիմումը քննարկելու և այլ պետության իրավասու մարմիններին դիմելու գործունեության իրավաչափությունը ենթակա է ստուգման վարչադատավարական կարգով։

 

 Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2795

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: