15.11.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով Ք. Հովհաննիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե արդյո՞ք կադաստրային քարտեզում առկա սխալների արդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը կարող է բացառել անձի սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունը։

  Ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, ՀՀ կադաստրի կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։ Անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող առկախվել՝ պայմանավորված հանրային իշխանության մարմնի (մարմինների) թույլ տված սխալով, որն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասությամբ օժտված են այդ մարմինները։

 Վճռաբեկ դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարել արձանագրել, որ այն դեպքում, երբ անձի իրավունքի պետական  գրանցման պահանջը չի բավարարվում կադաստրային քարտեզում առկա սխալի պատճառով,  իրավունքի պետական գրանցում հայցող անձն անհրաժեշտություն չունի, ի լրումն իրավունքի պետական գրանցման, հայցել նաև կադաստրային քարտեզի ուղղում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կադաստրի կոմիտեն օժտված է սեփական նախաձեռնությամբ կադաստրային քարտեզն ուղղելու իրավասությամբ։

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կադաստրային քարտեզում առկա սխալների արդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը չի կարող բացառել անձի սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2179

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: