ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով Էդ. Սուքիասյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե ո՞ր դեպքում է գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը համարվում պատշաճ կատարված։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է՝ դատավարության մասնակցին։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատն արձանագրել է, որ դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին։ Դատարաններն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասնակցի ներկայացուցչին միայն այն դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջնորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին։ Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի՝ դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: