26.06.2026

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ2/0096/05/24 վարչական գործով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարել անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություններին։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ,  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։

  Իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու ՀՀ Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են բավարարված համարվել ինչպես այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, այնպես էլ այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/3268

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: