15.05.2023

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՅՑԻՆ

  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների հարցերով նախագահող, Լիխտենշտեյնի դեսպան Դոմենիկ Վանգերի հետ, ինչպես նաև մասնակցել «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

  Հանդիպումների ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, նշված որորտում համագործակցության ամրապնդման և այդ նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր:  

  Հանդիպումների ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմամբ։ ՀՀ Վճռաբեկ դատարանը, որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող և իրավունքի զարգացմանը նպաստող բարձրագույն դատական ատյան,  իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների կատարումը՝ ապահովելով այդ վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հարմոնիզացիան հայրենական իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։ Ընդ որում, այդ գործընթացն ապահովվում է ոչ միայն այն գործերով, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ վճռիներ է կայացրել, այլ նաև այն գործերով, որոնք ունեն նույնաբնույթ փաստական հանգամանքներ կամ իրավական խնդիր։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն ունի նաև կանխարգելիչ գործառույթ, ինչը նաև բխում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները բացառելու վերջինիս սահմանադրական կարգավիճակից, և նպաստում է սուբսիդիար բնույթ ունեցող միջազգային դատարանի կողմից ապագայում արձանագրվող հնարավոր խախտումների դեպքերի նվազեցմանը։

  Այցի շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հայերեն տարբերակի շնորհանդեսին, որի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ներկայացվել են կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: