ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ, ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2025 թվականի մայիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ, Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ Վլասենկոն ու նույն հանձնաժողովի քարտուղար, ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական Էլեանոր Հուրիգանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանը և Դավիթ Վեքիլյանը։
Հանդիպման շրջանակներում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահը կարևորել է միջազգային գործընկերների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ցանկացած նախաձեռնություն, որը միտված կլինի Հայաստանի Հանրապետությունում իրավունքի զարգացման և ամրապնդման գործում առկա հիմնախնդիրների բացահայտմանը, դրանց լուծմանն ու կատարելագործմանը։
Միևնույն ժամանակ, քննարկվել են Պատվիրակության կողմից փաստահավաք առաքելության կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն կատարված այցի շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ իրավունքի զարգացման գործում արդյունավետ համագործակցության առնչությամբ։
Կողմերը վերահաստատել են համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունը և հայտնել հետագա համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու պատրաստակամություն։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: