12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Մարգերիտա Կասսանոյի հրավերով, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը, սույն թվականի մարտի 3-ից 6-ը, աշխատանքային այց է կատարել Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանը:

   Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Մարգերիտա Կասսանոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների արդյունքում կատարված օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, Իտալիայի Հանրապետության օրենսդրական զարգացումները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման կարևորությունը, նախանշել հետագա փոխգործակցության հեռանկարները։

  Այցի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իտալիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ջովաննի Ամորոզոյի հետ, այցելել Իտալիայի Հանրապետության Նախագահի նստավայր, Բարձրագույն դատական խորհուրդ, Պետական խորհուրդ, Ռազմական վերաքննիչ դատարան և Ռազմական դատական խորհուրդ, հանդիպել այդ մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: