30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԻԵՏՐՈ ԿՈՒՐՑԻՈՅԻՆ ԵՎ ՆՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրավերով, եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում էր գնվում Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին Իտալիայի Վճռաբեկ դատարանի փոխնախագահ Մարգերիտա Կասսանոն, նույն դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին և Բարիի գլխավոր դատախազ Աննա Մարիա Տոստոն։ 
Կատարված այցի շրջանակներում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը հավաստող փաստագրական նյութերին: Այցի ավարտին Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ 
Այցի ընթացքում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև  Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ:
Հանդիպումներին մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը: 
 Վճռաբեկ դատարանում անցկացված կլոր սեղան–քննարկումների ընթացքում, որին մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, դատավորները և դատարանի աշխատակազմը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը բարձր է գնահատել Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, երբ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք այդ երկրի զինված ուժերի ներխուժման հետևանքով վտանգված են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչը նաև հրամայական է դարձրել միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից ստեղծված իրավիճակին համարժեք և հասցեական արձագանքը։
Հանդիպման շրջանակներում կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների հետագա համագործակցության ամրապնդումը, դատարանների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների ստեղծման, դատական իշխանություն–հասարակություն երկխոսության կազմակերպման վերաբերյալ փորձի փոխանակումը, ժողովրդավարական հասարակությունում դատարանի դերի կարևորությանն առնչվող և դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցերի քննարկումը։ 
 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ այս հանդիպումը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ համոզմունք հայտնելով, որ այն Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տասնամյակներ տևող բարեկամության պատմության մեջ նոր խթան կհանդիսանա ու հիմք կծառայի երկու երկրների բարձրագույն դատական ատյանների փոխգործակցության նոր հնարավորություններ ձևավորելու համար։
 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ ինչպես Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, հանդիսանալով  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ բարձրագույն դատական ատյանների ցանցի անդամ և  իրավական կարգավիճակի առումով ունենալով ինստիտուցիոնալ ընդհանրություններ, փոխադարձ երկխոսության շրջանակներում կարող են ստեղծել մասնագիտական շփումների նոր հնարավորություններ և գտնել առկա մարտահրավերների արդյունավետ լուծումներ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների միջև համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման հարցը, որի շրջանակներում կնախատեսվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ իրավական հարցերով փոխադարձ օգնությունը, դատաիրավական բարեփոխումների զարգացման հնարավորությունները, դատական մեկնաբանության միջոցով օրենսդրական բացերի հաղթահարման լուծումների վերաբերյալ փորձի փոխանակումը, միջազգային նշանակություն ունեցող իրավական խնդիրներով մասնագիտական հեռավար քննարկումների կազմակերպումը, բարձրագույն դատական ատյանի մակարդակով աշխատանքների արդյունավետ կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված այլ հարցեր։ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը նոր շունչ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը՝ առավել ամրապնդելով երկու երկրների բարձրագույն դատական ատյանների փոխադարձ շփման հնարավորությունները։
Հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձրագույն դատական ատյանների միջև ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները և ամրապնդելու երկկողմ հաղորդակցության ուղիները։
 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: