05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

  Հարգելի հայրենակիցներ,

 

  ​Շնորհավորում եմ մեր երկրի համար ամենաառանցքային տոներից մեկի՝  պետականության հիմնադիր փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

​Սահմանադրության՝ Հիմնական օրենքի ընդունմամբ, հռչակվեց երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն սկզբունքներով տոգորված մի փաստաթուղթ, որի դրույթների ի կատար ածումը նպաստում է մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացմանը՝ ապահովել Հայրենիքի հզորության ու բարգավաճման, այնտեղ ապրող՝ բազմադարյա պատմություն ունեցող ազգի հարատևման գաղափարախոսությունը: Սահմանադրությունից են բխեցվում բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների ամբողջական համակարգն ու դրանց անթերի կատարումը՝ պարտադրված մեր ժողովրդի կամաարտահայտությամբ:

  ​Սահմանադրությունն այն անսպառ սկզբնաղբյուրն է, որտեղ ձևակերպված են Սահմանդրի կամքն ու վեհ գաղափարները, որից բխում են բոլոր հարաբերությունների կարգավորման իրավական երաշխիքները: Սահմանադրությամբ են ամրագրված նաև դատական իշխանության անկախության երաշխիքները, իսկ դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության անունից կայացվող յուրաքանչյուր ակտ իր մեջ պետք է պարունակի օրենքի առջև բոլորի հավասարության, օրինականության, արդարության, հարաբերությունների անաչառ կարգավորման երաշխիքներ, բխի սահմանադրորեն պաշտպանվող այլ հիմնարար արժեքներից:

​Կրկին շնորհավորում եմ մեր երկրի ամենանվիրական տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի ընդունման կապակցությամբ՝ ակնկալելով, որ գալիք բոլոր ձեռբերումները նպատակաուղղված են լինելու հանուն և ի փառս Մեր Հայրենիքի:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: