24.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։ 

  Հանդիպման ընթացքում հանդես գալով դասախոսությամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը, գործունեության առանձնահատկություններն ու օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործում բացառիկ դերը։

  Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ այսօրվա արագ զարգացող աշխարհում տեխնոլոգիաները հաճախ փոխվում են, բայց գրքի արժեքը մնում է անփոխարինելի։ Գիրքը սովորեցնում է խորհել, զգալ, վերլուծել և հասկանալ երևույթների էությունը։ Այն ընդլայնում է մարդու աշխարհայացքը, ձևավորում արժեհամակարգ, հարստացնում միտքը, խոսքն ու լեզուն, ինչը հատկապես կարևոր է իրավաբանի մասնագիտությունն ընտրած մարդու համար։

  Գիրքը հնարավորություն է տալիս իմանալ սեփական երկրի և ժողովրդի պատմությունը, մշակույթը, դարերով փոխանցված արժեքները, ինչն ինքնաճանաչման լավագույն միջոց է։ Սեփական երկրի պատմությունն իմանալն անհրաժեշտ է ապագան կերտելու,  հասարակության  մեջ սեփական դերը, պետության ու հայրենիքի առջև պատասխանատվությունը գիտակցելու համար։

  Գրքի շնորհիվ մարդը ստանում է ոչ միայն տեղեկություն, այլ նաև գիտելիք, որի միջոցով ձեռք է բերում մտավոր առավելություն, դառնում ավելի ազատ ու անկաշկանդ՝ մասնագիտություն, միջավայր և աշխատանք ընտրելու հարցում։ Խորը մտածողությունը ձևավորվում է կարդալու և գիտելիք ձեռք բերելու շնորհիվ։ Գիտելիքի շնորհիվ մարդը կարողանում է գնահատել անցյալը, վերլուծել ներկան, կողմնորոշվել բարդ և բազմաբնույթ հարաբերություններում, պատասխանատվությամբ ծրագրել ապագան։  

  Դասախոսության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանների և դատավորների դերին ժողովրդավարական, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման, իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

  Լ․Թադևոսյանն ընդգծել է, որ դատավորի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն գիտելիք, խորը մտածողություն, ազնվություն և անաչառություն, այլ նաև սկզբունքայնություն և բարոյական բարձր պատասխանատվություն։

  Հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոս, իրավաբան Գևորգ Արշակյանի մայրը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը։

  Հանդիպման ավարտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին են հանձնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների որոշումների ժողովածուները։

  Ուսանողները շրջայց են կատարել Վճռաբեկ դատարանի շենքում, հանդիպել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: