02.11.2026

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ,ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

  2026 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան ժամանած դատավորներ և դատարանների նախագահներ՝ Բելգիայի Սահմանադրական դատարանից, Ինդոնեզիայի Գերագույն դատարանից, Բրազիլի Ազգային բարձր դատարանից, Հնդկաստանի Գերագույն դատարանից և Շրջակա միջավայրի ազգային տրիբունալից, Ավստրալիայի Շրջակա միջավայրի դատարանից, Նեպալի Գերագույն դատարանից, Պապուա Նոր Գվինեայի Գերագույն դատարանից, Ֆինլանդիայի Գերագույն  վարչական դատարանից, Անգոլայի Բարձրագույն դատական խորհրդից և Քենիայի Շրջակա միջավայրի և հողային հարցերով դատարանից, ինչպես նաև պրոֆեսորներ՝ ԱՄՆ-ից (Լուիզիանայի պետական համալսարան), Գերմանիայից (Վայհենշտեֆան-Տրիզդորի կիրառական գիտությունների համալսարան) և Բելգիայից (Գենտի համալսարան), ինչպես նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։

  Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, Վարչական պալատի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Հակակոռուպցիոն պալատի դատավոր Գևորգ Գյոզալյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթիկ Սուջյանը։  

  Ողջունելով հյուրերին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ բնության պահպանությունը երկար ժամանակ հիմնականում դիտարկվել է որպես պետական կառավարման, բնապահպանական քաղաքականության և օրենսդրական կարգավորման առարկա։ Սակայն կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության աստիճանական հյուծումը, ջրային ռեսուրսների նվազումը և էկոհամակարգերի քայքայումը վկայում են, որ վարչական և քաղաքական միջոցները, ինքնին վերցրած, բավարար չեն այդ աղետաբեր վնասների դեմ արդյունավետ պայքար ծավալելու գործընթացում։ Այս համատեքստում դատական իշխանությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն՝ որպես իրավական համակարգի արդյունավետությունն ապահովող ինստիտուտ։ Դատարանը բնապահպանական գործերով կատարում է կրկնակի գործառույթ՝ լուծում է կոնկրետ վեճը և միաժամանակ ձևավորում է ապագա վարքագծի համար իրավական չափանիշներ։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց, որ բնապահպանական վեճերը որակապես տարբերվում են դասական քաղաքացիական և վարչական վեճերից․ բնությանը պատճառված վնասը հաճախ հնարավոր չէ ճշգրիտ գնահատման ենթարկել դրամական արտահայտությամբ, հետևանքները հաճախ հանդես են գալիս տարիներ անց՝ դուրս գալով կոնկրետ անձանց շահերի շրջանակից և շոշափելով հանրության, էկոհամակարգերի և ապագա սերունդների շահերը։ Հետևաբար, բացառապես հետադարձ (post factum) արձագանքող իրավական մոդելը բնապահպանական ոլորտում բավարար համարվել չի կարող, և առանցքային նշանակություն է ստանում կանխարգելման սկզբունքը։

  Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ այս առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև in dubio pro natura (կասկածի դեպքում հօգուտ բնության) սկզբունքը, համաձայն որի, բնության վրա վնասակար ազդեցության ողջամիտ կասկածի առկայության դեպքում, իրավական նորմերը մեկնաբանելիս, պետք է նախապատվություն տալ բնության պահպանությանը։

  Առանձնահատուկ կարևորություն ունի նաև միջսերնդային արդարության  և ապագա սերունդների շահերի պաշտպանության հիմնահարցը, քանի որ այսօր կայացվող որոշումները կանխորոշում են այն կենսապայմանները, որոնցում ապրելու են ապագա սերունդները։ Հետևաբար, ժամանակակից դատական իշխանության դերը սահմանափակվում է ոչ միայն անցյալում կատարված խախտումների գնահատմամբ, այլև ապագայի համար իրավական չափանիշներ ձևավորելու կարողությամբ։

  Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց, որ բնապահպանական վեճերը հաճախ ընկալվում են որպես տնտեսական զարգացման և էկոլոգիական շահերի հակադրություն, սակայն կայուն զարգացման հայեցակարգը ենթադրում է ոչ թե այդ շահերի հակադրում, այլ դրանց միջև երկարաժամկետ և արդարացի հավասարակշռության ապահովում։ Տնտեսական զարգացումը հանրային կարևոր նպատակ է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես բնական ռեսուրսների անսահմանափակ օգտագործման իրավունք։ Այս իմաստով դատարանը հանդես է գալիս որպես ոչ միայն վեճ լուծող մարմին, այլև որպես իրավական հավասարակշռության կարևոր երաշխավոր։

  Ամփոփելով իր խոսքը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ բնության պահպանությունը պետք է դիտարկել որպես մարդու արժանապատվության, առողջության և կյանքի իրավունքի պաշտպանության բաղադրիչ։ Մարդը բնությունից անջատ համակարգ չէ։ Մաքուր օդը, ջուրը, հողը, ընդերքը, կենսաբազմազանությունը և առողջ էկոհամակարգերը մարդու կյանքի, առողջության և արժանապատվության իրավունքների իրացման նախապայմաններ են, հետևաբար, բնության պաշտպանությունը, ըստ էության, միաժամանակ նաև մարդու իրավունքների պաշտպանությունն է։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային դատական համագործակցության և բնապահպանական արդարադատության ոլորտում մասնագիտական երկխոսության զարգացման հեռանկարները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է նաև COP17-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած Բնապահպանության հարցերով համաշխարհային դատական ինստիտուտի նախագահ, Բրազիլի Արդարադատության բարձրագույն դատարանի դատավոր (2024-2026թթ․ նույն դատարանի նախագահ) Անտոնիո Հերման Բենջամինին։

  Ընդունելությանը մասնակցել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Նաիրա Հովսեփյանը։

  Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել բնապահպանական վեճերի լուծման ընթացքում բարձրագույն դատական ատյանների առանձնահատուկ դերին, որոնց որոշումներով ձևավորվում են ուղենիշային իրավական չափանիշներ, որոնք կանխորոշում են դատական մյուս ատյանների, պետական մարմինների և իրավահարաբերությունների այլ մասնակիցների հետագա վարքագիծը։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի կիրառմանը, այս ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը և դատավորների էթիկային առնչվող հարցեր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: