ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հատոր XI
Լույս է տեսել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2019 թվականի որոշումների ընտրանին։ Այն ուղղված է բարձրագույն դատական ատյանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումների բովանդակության մասին հանրային իրազեկմանն ու մատչելության ապահովմանը՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական հանրության շրջանակներում՝ նպաստելով կանխատեսելի արդարադատության երաշխավորմանն ու նոր հորիզոններ բացելով իրավագիտության զարգացման համար։
Ներկայացվող ժողովածուն, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների 11-րդ հատորն է, իրենից ներկայացնում է՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից կայացված որոշումների ընտրանի և ներառում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին 2 որոշումներ, ինչպես նաև նախադեպային նշանակություն ունեցող 73 որոշումներ (ընդհանուր առմամբ 2019 թվականի ընթացքում հրապարակված 156 որոշումներից), որոնցում մշակվել են իրավակիրառ պրակտիկայում ծագող հիմնահարցերի լուծման, նյութական և դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանության առանցքային չափորոշիչներ։
Օրենքի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթների իրացման շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մի շարք արժեքավոր նախադեպային որոշումներ է կայացրել՝ գործերի քննության ժամկետների ողջամտության չափանիշների, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման երաշխիքների, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի գործերով արդյունավետ քննության, այդ բնույթի գործերով խափանման միջոցի ընտրության առանձնահատկությունների, մասնավոր անձի կողմից կատարված ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման, և մի շարք այլ կարևոր իրավական հարցերի առնչությամբ։
Ընտրանու տպագրությունն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառմամբ ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի ֆինանսավորմամբ:
Ընտրանին հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://court.am/hy/case-decision/163
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: