03.09.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ 10.08.2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԱՐԱԴ/0090/01/19 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ և 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ

 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Կարապետյան) որոշման հիման վրա 10.08.2020 որոշմամբ լուծել է թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործի տարածքային ընդդատության հարցը։ Մասնավորապես, որոշմամբ համակարգային վերլուծության են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀՀ տարածքից դուրս կատարված հանցանքների վերաբերյալ դրույթները, ինչպես նաև նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում քրեական գործի տարածքային ընդդատությունը որոշելու կանոնակարգումները։

 

Որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները կիրառելի են այն դեպքերում, երբ անձին մեղսագրված բացառապես բոլոր հանցագործությունները կատարվել են ՀՀ տարածքից դուրս և տվյալ արարքներից թեկուզ մեկի՝ ՀՀ սահմաններում կատարված լինելը բացառում է նշված դրույթների կիրառումը։

 

Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումները վերաբերվում են այն առաջին ատյանի դատարաններին, որոնք գտնվում են նույն օրենսգրքի իրավազորության ներքո։

 

Այն հանգամանքների հաշվառմամբ, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործով ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, բացի մեկից, որը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում, հանդիսանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի դատական տարածքը ու տվյալ գործով ամբաստանյալին մեղսագրված արարքներից և ոչ մեկը չեն կատարվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, ինչպես նաև այն, որ միաժամանակ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի ընդդատության հարցի որոշման տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այլ կանոն չի նախատեսվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթները սույն դեպքում կիրառելի չեն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը որոշել է, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործը ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

 

 

Որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: