ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԺՈԼԻԵՆ ՇԽՈՒԿԻՆԳԻՆ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԷՍԹԵՐ ԴԸ ՌՈՅԻՆ
2025 թվականի ապրիլի 8-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ժոլիեն Շխուկինգին և Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր Դե Ռոյին։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ Վճռաբեկ դատարանը կարևորում և բարձր է գնահատում համագործակցությունը եվրոպական իրավակարգի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, որի նախադեպային իրավունքը կարևոր դեր է կատարում ներպետական իրավունքի զարգացման գործում՝ նպաստելով ազգային իրավական համակարգում միջազգային առաջադեմ չափանիշների ինտեգրմանն ու արդյունավետ և շարունակական կենսագործմանը։
Լ․Թադևոսյանը նաև նշեց, որ Վճռաբեկ դատարանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական ատյանների ցանցին, որը միջազգային դատարանի և ազգային բարձր դատարանների միջև մշտական կապի ու շարունակական երկխոսության արդյունավետ գործիք է։ Բարձրագույն դատական ատյանների ցանցի շնորհիվ ձևավորված փոխգործակցության շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի փորձագիտական ծառայության ներկայացուցիչները այցեր են կատարել Ստրասբուրգ՝ ծանոթանալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության և աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին։ Կատարված այցերն օգտակար ու արդյունավետ են եղել փորձի փոխանակման և համագործակցության նոր շրջանակների հաստատման տեսանկյունից։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը կարևորում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատական ատյանների հետ համագործակցությունն ու փորձի շարունակական փոխանակումը։ Այդ նպատակով օգտակար կլինի նաև Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների դատարանների միջև փոխգործակցության հայեցակարգային մեխանիզմների մշակումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: