09.11.2022

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԹՊԻՀ/INL) ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել են ԹՊԻՀ Եվրոպայի և Ասիայի ծրագրային թիմի ղեկավար Ջուդիթ Քեմփբելը, ԹՊԻՀ Եվրոպայի և Ասիայի գրասենյակի ավագ խորհրդատու Քեյթ Շպիլան, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
 Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է միջազգային լավագույն փորձի ու առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովումն ազգային իրավական համակարգում և այդ նպատակով փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի հետ փոխգործակցության կարևորությունը։
 Լիլիթ Թադևոսյանը նշել է, որ ՀՀ դատական իշխանության և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի միջև ձևավորված սերտ և համընդգրկուն փոխգործակցության շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ արտասահմանյան այցեր ու կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված փողերի լվացման և այլ անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում միջազգային փորձի ուսումնասիրությանը, արդարադատության ոլորտում կանանց դերին և բազմաթիվ այլ հիմնախնդիրներին։
Վճռաբեկ դատարանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման նկատառումներով, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների եռաստիճան դատական համակարգ, որը ներառում է հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանում՝ հակակոռուպցիոն մասնագիտացում ունեցող դատական կազմերը և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Այս համակարգի խնդիրն է ապահովել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կուռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ Հայաստանի Հանրապետության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի որդեգրված մոտեցման շրջանակներում Վճռաբեկ դատարանում ձևավորված մասնագիտացված հակակոռուպցիոն պալատն ունի կառուցվածքային ուրույն մոդել, ամփոփում է իր գործունեության մեջ համակարգման նոր ոլորտ՝ օրենսդրական նոր առանձնահատկություններով։ Պալատի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայումը։
 Վերը նշվածի համատեքստում, հանդիպման մասնակիցներն ընդգծեցին ապագայում համագործակցության նոր ուղիների մշակման և համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու վերահաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: