27.01.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ


  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հունվարի 26-ին այցելել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պաշտոնական հանդիպում ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ, իսկ հունվարի 27-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական տարվա բացման հանդիսավոր նիստին ու դրան հաջորդող բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին: 
  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է ազգային իրավական համակարգում միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովման կարևորությունն ու նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորվող իրավական պաշտպանության արժեքներն ինտեգրվել են և շարունակում են ինտեգրվել անդամ պետությունների իրավական համակարգում՝ բարձրագույն դատական ատյանների կողմից ձևավորվող նախադեպային իրավական դիրքորոշումներով:
 Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ 2018 թվականի օգոստոսի 1-ին Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո նոր արդյունավետ հարթակ է ձևավորվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային բարձր դատական ատյանների համագործակցության համար՝ հնարավորություն ընձեռելով ազգային դատարաններին իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի և իրավական արժեքների պահպանության գործում և սկիզբ դնելով նոր իրավական մշակույթի ձևավորման համար։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյաններն առաջիններից են եղել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազգային դատարաններից, որոնք, արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո, այս կարճ ժամանակահատվածում, օգտագործել են այդ կառուցակարգը։
 Հանդիպման ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին երկուստեք ընդգծել են Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև արդյունավետ փոխգործակցության ու կայուն երկխոսության ամրապնդման կարևորությունը։


 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: