ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ» ԽՈՐԱԳՐՈՎ
2022 թվականի հունիսի 8-ին և 9-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված՝ «Դատական իշխանությունը` որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։
ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էր Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հ․Ասատրյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռ․Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի դատավորները։
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը խորհրդաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման ուղիները։
Լ․Թադևոսյանը մասնավորապես նշել է, որ անվիճելի է այն իրողությունը, որ հանրային վստահությունը դատական իշխանության զարգացման առաջնային գրավականներից է։ Դատական իշխանության գործունեության վերաբերյալ ձևավորվող հանրային ընկալման ցուցիչն ուղիղ համեմատական է դատական իշխանության հեղինակության աստիճանին, հետևաբար ինչպես աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է հանրային վստահության ամրապնդումը, որը մշտապես պահանջում է իրավունքահեն միջավայրի ձևավորմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկում ինչպես դատաիրավական բարեփոխումները համակարգող գործադիր և օրենսդիր իշխանության թևերի, այնպես էլ դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների կողմից։
Վճռաբեկ դատարանի նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հիմնված է երեք հիմնասյուների վրա՝ ա) անկախություն և անկողմնակալություն, բ) հաշվետվողականություն ու թափանցիկություն, գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացում, որոնց ապահովմամբ միայն կարող է իրողություն դառնալ իրավունքի գերակայության վրա հիմնված լեգիտիմ դատական իշխանության գոյությունը։
Լ․Թադևոսյանն իր ելույթն ուղղել է այդ հիմնասյուներից յուրաքանչյուրի առանձնահատկությունների ներկայացմանը` զուգահեռաբար նաև խորհրդաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այն միջոցառումների վրա, որոնք իրականացրել և շարունակում է իրականացնել ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ որպես դատական համակարգի բարձրագույն դատական ատյան՝ օժտված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական առաքելությամբ։
Ամփոփելով ներկայացված երեք հիմնասյուների վերաբերյալ ելույթը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ դրանց շուրջ է պտտվում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության շրջագիծը՝ միաժամանակ արձանագրելով, որ նշված երեք հիմնասյուները կազմում են հանրային վստահության ապահովման առանցքն ու շարժիչ ուժը։ Վճռաբեկ դատարանի տեսլականն է Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ ձևավորել իրավունքահեն միջավայր, որն իր անգնահատելի նպաստն է բերելու դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման գործում, սակայն, խնդրո հարցով պակաս կարևոր նշանակություն չունի նաև համակարգակառուցվածքային միջոցառումների ձեռնարկումն այնպիսի լրացուցիչ գործոնների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են՝ հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման աշխատանքների կազմակերպումը, «քաղաքացի-դատարան» երկխոսության իրավական մշակույթի խթանումը, դատարանի՝ որպես պետական հաստատության նկատմամբ հարգանքի ձևավորումը։
Վճռաբեկ դատարանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ կրելով իրավունքի գերակայության ապահովման առաքելությունը՝ դատավորները հասարակությունում արդարադատության իրականացման որակական ցուցանիշների էությունն ու բովանդակությունը արտացոլող անձինք են, ուստի, թե՛ իրավաբանական համայնքը՝ ի դեմս մասնագիտական կառույցների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, թե՛ շահագրգիռ այլ մարմինները, պետք է ամենօրյա գործունեությամբ ուշադրության կենտրոնում պահեն այս օրակարգային հարցերը և իրավունքահեն միջավայրի ձևավորմամբ իրենց զգալի ներդրումն ունենան «դատական իշխանություն-հասարակություն» կառուցողական փոխգործակցության մշակույթի զարգացման գործում։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: