ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
2023 թվականի փետրվարի 20-ին, տեսակապի միջոցով, կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կազմակերպչական անդրանիկ նիստը։
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։
Նիստին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախագահների պաշտոնակատարներ Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, ինչպես նաև ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Կարևորելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում նման կառույցի ստեղծումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների փոխգործակցության կազմակերպմանն ու համակարգմանը։ Առավել դյուրին պայմաններ կստեղծվեն ԱՊՀ շրջանակներում ընդունված՝ իրավական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և այլ ակտերի իրագործման, ԱՊՀ անդամ պետությունների դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնման, դատարանների որոշումների կատարումը ԱՊՀ անդամ պետությունների տարածքում ապահովելու գործում ջանքերի միավորման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների դատարանների միջև տեղեկատվության ու փորձի կանոնավոր փոխանակման համար:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: