21.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻՆ

  2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի երկրորդ նիստին, որի ընթացքում հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառումն արդարադատության իրականացման գործընթացում. արդյունավետությունը և արդար դատաքննության իրավունքի երաշխիքները» խորագրով զեկույցով։

  Իր զեկույցում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է արդարադատության թվային փոխակերպման հեռանկարներին և մարտահրավերներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական նվաճում անխուսափելիորեն դատարանի առջև բարձրացնում է սկզբունքային հարց՝ արդարադատության արդյունավետության և դատավարական երաշխիքների ապահովման միջև սահմանագծի մասին։ Տասնամյակների ընթացքում ձևավորված իրավական ավանդույթներին և մասնագիտական մոտեցումներին զուգահեռ ի հայտ է եկել նոր գործիք, որի կիրառումն աստիճանաբար դառնում է անխուսափելի և որոշակի չափով կանխորոշում արդարադատության ապագան։ Դա արհեստական բանականությունն է։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում արհեստական բանականության գործիքակազմի կիրառումը պետք է ուղեկցվի իրավական հստակ երաշխիքներով, գործընթացի թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ, անձնական տվյալների պատշաճ պաշտպանությամբ և մարդկային վերահսկողությամբ։

  Լ․Թադևոսյանը նշել է, որ անկախ տեխնոլոգիական առաջընթացի ձեռքբերումներից և արդարադատության արդյունավետության համար դրա ազդեցությունից, արդարադատության իրականացման միակ պատասխանատուն մնում է դատավորը։

  Եզրափակելով ելույթը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ինչպիսին էլ լինի ապագայի արդարադատությունը, և ինչ տեխնոլոգիական լուծումներով էլ այն հագեցվի, դրա որակի գնահատման չափանիշը շարունակում է մնալ արդարությունը, իսկ արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից մեկը՝ հասարակության վստահությունը դատական իշխանության հանդեպ։ Հետևաբար, ապագայի արդարադատությունը պետք է լինի նորարարական և համապատասխանի տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին՝ միևնույն ժամանակ մնալով մարդակենտրոն, իրավունքահեն, արդյունավետ, անկողմնակալ և վստահության արժանի:

  Խորհրդի նիստին մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը։

  Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների միջև համագործակցության զարգացմանը, օտարերկրյա դատարանների դատական ակտերի ճանաչման և կատարման պրակտիկայի ուսումնասիրությանը, դատական համակարգերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։

  Խորհրդի նախագահությունը հաջորդաբար ստանձնել է Ղազախստանի Հանրապետությունը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: