ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, 2025 թվականի հուլիսի 3-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և վարչական պալատի նախագահ Հովսեփ Բեդևյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությամբ, որոնց շրջանակում արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման մթնոլորտ է ձևավորվել երկու երկրների դատական համակարգերի միջև։
Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության դատական համակարգերի միջև փոխգործակցությունը և փորձի փոխանակումը կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ հաշվի առնելով նաև, որ Նիդերլանդների Թագավորությունը միջազգային արդարադատության առանցքային կենտրոն է, իսկ Նիդերլանդների դատական համակարգը՝ աշխարհում ամենաարդյունավետ համակարգերից է, որտեղ լայն կիրառություն ունեն վերականգնողական արդարադատության և վեճերի լուծման արտադատական գործիքները, արդյունավետորեն կիրառվում են արդարադատության թվայնացման ժամանակակից լուծումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: