ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
2023 թվականի մարտի 2-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել հանդիպում ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության համագործակցության ամրապնդման շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնակատար Լիպարիտ Մելիքջանյանը, հակակոռուպցիոն պալատի դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը, Արտակ Կրկյաշարյանը և Միացյալ Թագավորության կառավարության կողմից ներգրավված փորձագետներ Դանիել Էրիկ Սթոուն Սայֆերն ու Լիմ Թոմսոնը։
Քննարկվել են ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուժեղացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ուղիները։
Հանդիպման ընթացքում, երկուստեք ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության կառավարությունների դիրքորոշումը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու հարցում և կարևորելով այդ ոլորտում միջազգային չափորոշիչների կիրառման փորձը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փորձի փոխանակումն ամրապնդելու շուրջ։ Միաժամանակ, քննարկվել և առաջարկվել են ապագայում փոխգործակցության նոր ուղիներ` վերահաստատելով համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու հետագա համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: