ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի ապրիլի 15-ի թիվ ՀԿԴ/0025/02/22 որոշմամբ, անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) մի շարք հոդվածներին: Ըստ այդմ Օրենքի 5-րդ հոդվածին անդրադառնալով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Օրենքի իմաստով Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը:
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 3-րդ հոդվածում նշված օրինական եկամուտ՝ նվիրատվության և օգնության չափանիշներին, ըստ որի նվիրատվության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) նվիրատուի մտադրությունը գույքը փոխանցելու (Animus Donandi), 2) գույքը փոխանցելու անհատույց լինելու (Gratuitousness), 3) նվիրառուի համաձայնությունը գույքը ընդունելու (Acceptance) և 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցված լինելը: Իր հերթին օգնության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք, 2) օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, 3) օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, 4) փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։
Այնուհետև Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 20-րդ հոդվածին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթներում ապացուցման ստանդարտներին, նշելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթում ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով, ըստ որի դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/3198
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".