Ընդունվել է 30.06.2021 թվականին և ուժի մեջ է մտել 01.07.2022 թվականին
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԲՈՂՈՔԸ
Հոդված 353. Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը
1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնակիցը.
2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին.
3) դատախազը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մասով:
3. Դատախազը կարող է դատական վերանայման բողոք բերել միայն հանրային շահին առնչվող մասով:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
Հոդված 354. Դատական վերանայման բողոքի հիմքերը
1․Դատական վերանայման բողոքի հիմքերն են`
1) դատական սխալը` միջազգային պայմանագրի կամ նյութական օրենքի խախտումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա.
2) որևէ փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունը, որը կարող է ազդել դատական ակտի իրավաչափության վրա:
Հոդված 355. Դատական վերանայման բողոքը
1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.
4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.
5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.
6) բողոքին կցվող նյութերի ցանկը.
7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։
2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը։
3. Բողոքարկման հստակ ժամկետի առկայություն ենթադրող դատական վերանայման դեպքում նախքան բողոքարկման ժամկետի ավարտը կարող է բերվել դատական վերանայման հավելյալ բողոք, որը պետք է բովանդակի`
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տվյալները.
2) սկզբնական բողոքի ներկայացման տարին, ամիսը և օրը.
3) բողոքի հավելյալ հիմքը, բողոքի հիմքը հաստատող լրացուցիչ փաստերը, ինչպես նաև դրանք հիմնավորող հավելյալ, այդ թվում՝ նոր փաստարկները:
4. Դատական վերանայման բողոքի հիմքերը և դրանք հաստատող փաստերը ներկայացվում են բացառապես բողոքում և չեն կարող փոփոխվել կամ լրացվել դատական վարույթի ընթացքում:
ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 380. Վճռաբեկ բողոք բերելու և վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները
1. Վճռաբեկ բողոքը բերվում է վճռաբեկ բողոքարկման ենթակա դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
Հոդված 381. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝
1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ
2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եթե`
1) ստորադաս դատարանների` տարբեր վարույթներով առնվազն երկու դատական ակտերում նույն նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է մեկ այլ վարույթով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
5) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
3. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ դատական սխալները.
1) քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, կամ արդարացման դատավճիռ չի կայացվել.
2) մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական.
3) մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել.
4) թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քրեադատավարական օրենքի որևէ խախտում:
4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները․
1) ուժի մեջ մտած համաներման ակտը կիրառելի է մեղադրյալի նկատմամբ.
2) լրացել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.
3) մեղադրյալը մահացել է.
4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ.
5) որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն:
Հոդված 382. Վճռաբեկ բողոքը
1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 381-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները:
2. Օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հնարավոր որոշման էական նշանակությունը պետք է հիմնավորվի հետևյալ եղանակներից առնվազն մեկով․
1) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պարագայում` բողոքին կցել համապատասխան դատական ակտերը, մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտով և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտով նույն նորմատիվ իրավական ակտի տարաբնույթ կիրառման վերաբերյալ.
2) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ․
3) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պարագայում` մեջբերել ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.
4) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
5) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պարագայում` փաստարկելով, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից էապես տարբերվող դատական ակտ:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԲՈՂՈՔ
Հոդված 395. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները
1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
2. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Հոդված 396. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանները
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝
1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը:
Հոդված 397. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը
1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 396-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները:
2. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից էապես տարբերվող դատական ակտ:
ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԲՈՂՈՔ
Հոդված 402. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեն`
1) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որի իրավաչափ շահերին առնչվում է ենթադրյալ նոր հանգամանքը կամ ենթադրյալ հիմնարար խախտումը կամ ենթադրյալ նոր ի հայտ եկած հանգամանքը.
2) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված անձը.
3) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել է միջազգային պայմանագրի պահանջներին համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.
4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձի փոխարեն բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:
Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը
1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․
1) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի, մեղադրյալի, փորձագետի ցուցմունքների սուտ լինելը կամ թարգմանչի կատարած թարգմանության սխալ կամ փորձագետի եզրակացության կամ կարծիքի կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունների և արտավարութային փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն.
2) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորի հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել տվյալ գործը քննելիս.
3) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են վարույթի հանրային մասնակիցների այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն.
4) Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.
6) Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման համար, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով․
1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ.
2) անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որն ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական.
3) մեղադրյալի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը կայացվել է բացառապես նրա խոստովանական ցուցմունքի հիման վրա.
4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը վարույթն իրականացրել է ոչ օրինական կազմով.
5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանում վարույթն անիրավաչափորեն իրականացվել է մեղադրյալի բացակայությամբ.
6) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանում վարույթն անիրավաչափորեն իրականացվել է պաշտպանի կամ թարգմանչի բացակայությամբ, և այդ հանգամանքն ազդել է վարույթի ելքի վրա.
7) քրեական գործում բացակայում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանի դատական նիստի արձանագրությունը, եթե այն հնարավոր չէ վերականգնել.
8) օրինական ուժի մեջ մտած դատական ակտում բացակայում է պատճառաբանական մասը:
3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք կարող է բերվել այն դեպքում, երբ՝
1) պարզվել են դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև հաստատում են վարույթը կարճելու ոչ իրավաչափ լինելը․
2) վերացել է մեղսունակության վիճակում հանցանքը կատարած անձի մոտ առկա և պատժի կրումը անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիրը:
Հոդված 404. Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները
1. Բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ բողոք բերելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին:
2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում չորսամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:
3. Արդարացման դատավճռի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:
4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ:
5. Դատապարտյալի մահն արգելք չէ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով բացառիկ վերանայում իրականացնելու համար:
Ընդունվել է 09.02.2018 թվականին և ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին
ԲԱԺԻՆ 4
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 55
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 388. Վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը
1. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:
Հոդված 389. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) գործին մասնակցող անձինք.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
3. Գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև սույն օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ:
4. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
Հոդված 390. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
1. Վճռաբեկ բողոքը բերվում է սույն օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
3. Դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վճռաբեկ բողոք բերելու հիմքերը սահմանված են սույն օրենսգրքի 418-րդ և 419-րդ հոդվածներով:
5. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
Հոդված 391. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ այդ դատական ակտի կայացման մասին:
4. Վճռաբեկ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
Հոդված 392. Վճռաբեկ բողոք ներկայացնելու կարգը
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոքն ուղարկվում կամ հանձնվում է Վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան և գործին մասնակցող անձանց:
2. Դատական ակտը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգերորդ օրը պարտավոր է գործն ուղարկել Վճռաբեկ դատարան:
Հոդված 393. Վճռաբեկ բողոքի ձևը և բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վճռաբեկ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
2. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը,
2) բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) ու հասցեները,
3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում են բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման ամսաթիվը,
4) վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա,
5) վճռաբեկ բողոքի հիմնավորումները՝ վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները,
6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը,
7) բողոք բերող անձի պահանջը,
8) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
3. Վճռաբեկ բողոքն ստորագրում է այն ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը։
4. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում առկա չէ լիազորագիրը:
5. Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վճռաբեկ բողոքում: Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի:
Հոդված 394. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 395. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է վերստին:
5. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
6. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը:
7. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Հոդված 396. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ.
7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
4. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց որոշումը կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
Հոդված 397. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց որոշումը կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Հոդված 398. Վճռաբեկ բողոքի պատասխանը
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։
2. Վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է Վճռաբեկ դատարան և գործին մասնակցող անձանց:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
4. Վճռաբեկ բողոքի պատասխանում նշվում են`
1) Վճռաբեկ դատարանի անվանումը,
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,
3) վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
6. Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:
7. Վճռաբեկ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների հետ համաձայնություն:
Հոդված 399. Վճռաբեկ բողոքից հրաժարվելը
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։
2. Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:
3. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
4. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
5. Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վճռաբեկ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
6. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից վերաքննիչ դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:
7. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
8. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ընդունվել է 05.12.2013 թվականին և ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին
Գլուխ 23
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 153. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։
2. Վճռաբեկ դատարանը վերանայում է նաև վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները։
Հոդված 154. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` պետական շահերի պաշտպանության հարցերով.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձի իրավունքներից և կրում նրանց համար սահմանված պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը։
4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով։
(154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` 03.03.2015 ՍԴՈ-1192 որոշմամբ` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:)
Հոդված 155. Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ։
Հոդված 156. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
(156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր 09.02.2016 ՍԴՈ-1254 որոշմամբ` այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:)
Հոդված 157. Վճռաբեկ բողոք բերելու կարգը
1. Վճռաբեկ բողոքն ուղարկվում է վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մասնակիցներին։
2. Վճռաբեկ դատարան չի կարող ներկայացվել հայցի ապահովում կիրառելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն։
3. Վճռաբեկ բողոքը բերելուց հետո բողոքում արծարծվող պահանջը փոփոխվել կամ լրացվել չի կարող:
4. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում` սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործը ուղարկել վճռաբեկ դատարան։
Հոդված 158. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում նշվում են`
1) վճռաբեկ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:
4. Վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
Հոդված 159. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը
1. Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը կամ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վճռաբեկ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե վճռաբեկ բողոք բերել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
Հոդված 160. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
Հոդված 161. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 162. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և
2) բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Հոդված 163. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված սույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։
Հոդված 164. Վճռաբեկ բողոքի պատասխանը
1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
2. Պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".