17.04.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի ապրիլի 15-ի թիվ ՀԿԴ/0025/02/22 որոշմամբ, անդրադարձել է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) մի շարք հոդվածներին: Ըստ այդմ Օրենքի 5-րդ հոդվածին անդրադառնալով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել  Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Օրենքի իմաստով Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը:

    Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 3-րդ հոդվածում նշված օրինական եկամուտ՝ նվիրատվության և օգնության չափանիշներին, ըստ որի նվիրատվության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) նվիրատուի մտադրությունը գույքը փոխանցելու (Animus Donandi), 2) գույքը փոխանցելու անհատույց լինելու (Gratuitousness), 3) նվիրառուի համաձայնությունը գույքը ընդունելու (Acceptance) և 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցված լինելը: Իր հերթին օգնության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք, 2) օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, 3) օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, 4) փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։

    Այնուհետև Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 20-րդ հոդվածին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթներում ապացուցման ստանդարտներին, նշելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթում ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով, ըստ որի դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/3198

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.