03.05.2023

THE PRESIDENT OF THE RA COURT OF CASSATION HOSTED THE AMBASSADOR OF THE UNITED STATES TO ARMENIA

 Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը 2023 թվականի մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

       ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորել է դեսպան Քրիստինա Քվինին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը շարունակական կլինի:

       Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է ՀՀ Վճռաբեկ դատարանի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համընդգրկուն փոխգործակցության դրական փորձը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։ 

       Հանդիպման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցության շրջանակներում կազմակերպվել են արտասահմանյան այցեր՝ այդ թվում ԱՄՆ Գերագույն դատարան, կոնֆերանսներ և կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված արդարադատության ոլորտում կանանց դերին, ընտանեկան բռնության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։

       Հանդիպման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցած կառուցվածքային բարեփոխումներն ու միաժամանակ ընդգծել, որ պետության կողմից որդեգրված՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման նկատառումներով, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների եռաստիճան դատական համակարգ։ ՀՀ Վճռաբեկ դատարանում ձևավորված մասնագիտացված հակակոռուպցիոն պալատն ունի կառուցվածքային ուրույն մոդել, ամփոփում է իր գործունեության մեջ համակարգման նոր ոլորտ՝ օրենսդրական նոր առանձնահատկություններով։ Պալատի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում։

     Հանդիպման ավարտին, կողմերը վերահաստատեցին փոխգործակցությունը շարունակելու, այն ամրապնդելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու պատրաստակամությունը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".