THE PRESIDENT OF THE RA COURT OF CASSATION PARTICIPATED IN THE OFFICIAL LAUNCH OF THE PROJECT IMPLEMENTED BY THE COUNCIL OF EUROPE AND IN THE FIRST SESSION OF THE STEERING COMMITTEE
Սույն թվականի ապրիլի 9-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը և ծրագրի Ղեկավար հանձնաժողովի առաջին առցանց հանդիպմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը, Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի ղեկավար Վահե Դեմիրճյանը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Աշխեն Ղարսլյանը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ծրագրի բացմանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով ՀՀ Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև տարբեր ծրագրերի շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու այդ համատեքստում մեկնարկող ծրագրի նշանակությունը։ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է ծրագրի նպատակների առաջնայնությունն ու կարևորությունը՝ հատկապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության արդյունավետ ընթացակարգեր կառուցելու առումով։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, բարձր գնահատելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև արդյունավետ երկխոսության խթանումը, ներկաներին տեղեկացրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության կիրառման շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, դեռևս 2021 թվականի հունվարի 27-ին, խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ծրագրի մեկնարկի միջոցառման ավարտից անմիջապես հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է նաև «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի առաջին նիստին, որի ընթացքում քննարկվել են ծրագրի կողմից իրականացվելիք միջոցառումները։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".